«Ես կարծում եմ, որ առաջիկա 5 տարում կավարտվի ԱՄՆ-ի վերջնական ներդրումը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Վաշինգտոնն իր ռազմակայանները կտեղակայի Վրաստանում եւ Ադրբեջանում (նկատի ունեմ հակահրթիռային պաշտպանության համակարգերը) բացառված չէ նաեւ Ռուսաստանի հետ համատեղ: Իսկ հետո իր խոշոր ռազմակայանները կտեղակայի նաեւ Հայաստանում` ներկա Գյումրիի ռազմակայանի տեղում»,- նման կանխատեսմամբ է հանդես եկել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով վրացական լրատվամիջոցների տեղեկությունը, ըստ որի Պենտագոնն ավարտում է ծրագրի աշխատանքները, որով 2015 թվականին Վրաստանում կհայտնվեն ամերիկյան ռազմաբազաներ` նախնական տվյալներով 2 ցամաքային եւ մեկ ծովային:

«ԱՄՆ-ը երկար է դրան պատրաստվել եւ, դատելով ամեն ինչից, նրանք սկսում են Հարավային Կովկասում ամրապնդվելու ավարտական փուլը: Այդ իմաստով, ես չեմ բացառում նաեւ մոտ ժամանակներս ԼՂ խնդրի լուծումը: Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում էլ ավելի կուժեղանա եւ մենք պետք է պատրաստվենք այդ գործընթացին: Որովհետեւ դրանից հետո ուժեղացված նախապատրաստություն կսկսվի, որպեսզի այդ երկրներն անդամակցեն ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը»,- նշել է քաղաքագետը: