Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նամակով դիմել է Պահպանողական կուսակցության անդամներին, որում կոչ է արել նրանց միավորվել բրեքսիթից առաջ, հաղորդում է Guardian-ը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Մեյը նամակում հայտնել է իր հիասթափությունը հինգշաբթի խորհրդարանում կայացած քվեարկության վերաբերյալ, երբ խորհրդարանականները մերժել էին վարչապետի կողմից ներկայացված հերթական փաստաթուղթը: Նա նշել է, որ հաջորդ շաբաթ կվերադառնա Բրյուսել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությունները շարունակելու համար, ինչպես նաեւ նախատեսում է բանակցել ԵՄ անդամ բոլոր երկրների առաջնորդների հետ:
Վարչապետը կոչ է արել պահպանողականներին «անցնել ջրբաժանը» եւ հրաժարվել «անձնական նախասիրություններից»: «Առանց դուրս գալու մասին համաձայնագրի մենք ռիսկի ենք դիմում, որ խորհրդարանում կառաջանա մի ուժ, որը կկասեցնի բրեքսիթն ամբողջությամբ»,-թերթը մեջբերում է Մեյի խոսքերը:
«Բրիտանիան կարող է ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնության եւ իրականացման ժամկետի: Դա կհանգեցնի տնտեսության մեջ եւ մարդկանց առօրյայում խափանումների, բացասաբար կանդրադառնա երկրի ներսում եւ ԵՄ-ում աշխատատեղերի վրա»,-նշել է Մեյը:
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից 2019 թվականի մարտի 29-ին: Հունվարին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է բրեքսիթի հարցով բրիտանական կառարավարության եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրն իռլանդական սահմանների խնդրի լուծման վերաբերյալ (այսպես կոչված «բեքստոպ») դրանում ներառված պայմանների պատճառով: Հունվարի 29-ին պատգամավորների քվեարկության արդյունքները ենթադրում էին, որ նրանք կսատարեն համաձայնագիրը միայն դրանում փոփոխություններ կատարելու պայմանով: Մեյը վերսկսել էր Եվրամիության հետ բանակցությունները եւ խոստացել կրկին ներկայացնել համաձայնագիրը խորհրդարանում քվեարկության, երբ «անհրաժեշտ առաջընթացը» նկատվի:
Փետրվարի 14-ին երեկոյան խորհրդարանականները մերժել են բրեքսիթի հարցով վարչապետի ներկայացրած հերթական փաստաթուղթը, որում հաստատված էին այն փոփոխությունները, որոնք խորհրդարանը սատարել էր հունվարի 29-ին:




























