Մեղրի քաղաքի բնակիչ, 82-ամյա Բենիկ Սարգսյանը այս տարվա փետրվարի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից։ Նրան հայտնաբերելու համար ստեղծվել էին որնոողական մի քանի խմբեր․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները քաղաքացիների հետ համատեղ 5 օր շարունակ որոնողական աշխատանքները սկսում էին առավոտյան ժամը 08:00-ից և ավարտում մինչև մութն ընկնելը, նրանց օգնում էին նաև Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները՝ վարժեցված շներով։ Որոնման ընթացքում օգտագործվել է նաև դրոն:
Այսօր՝ փետրվարի 17-ին, Բենիկ Սարգսյանի դին հայտնաբերվել է Տաշտուն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում՝ ամբողջովին սառած վիճակում:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:































