Արմավիրի մարզի Արշալույս գյուղում համայնքապետարանն աշխատում է, ուղղակի որոշ աշխատակիցներ լարվածությունը չուժեղացնելու պատճառով չեն գնում աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն` անդրադառնալով վերջին շաբաթներին Արշալույսում համայնքապետ հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ցույցերին:
«Մարզպետարանի եւ տարածքային կառավարման մարմինների լիազորության մեջ չի մտնում աշխատանքից ազատել համայնքապետին: Այս դեպքում համայնքապետը պետք է գա ողջամիտ լուծումների, այս դեպքում ողջամիտ եւ օրինական լուծումների տարբերակներից մեկը համայնքապետի հրաժարականն է: Որպեսզի պարալիզացված չպահենք համայնքապետարանի աշխատանքը, ճիշտ լուծումը այս դեպքում հրաժարական տալն է, քանի որ մենք լիազորություն չունենք աշխատանքից ազատելու: Համայնքապետի հետ հանդիպումներ ունեցել ենք, խոսել ենք, հիմա բանակցում ենք բոլոր կողմերի հետ, որպեսզի գանք ողջամիտ լուծումների: Անկախ ամեն ինչից՝ հոկտեմբեր ամսին տեղի կունենան հերթական ընտրություններ համայնքում»,- ասաց մարզպետը:
Մարզպետը հավելեց, որ համայնքի բնակիչների ստորագրությունները իրավական ուժ չունեն, դրանք միայն փաստում են, որ համայնքում կան բողոքողներ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում շարունակվում են բողոքի ակցիաները: Գյուղացիները ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Հունվարի 31-ից համայնքապետարանը չի աշխատում: Համայնքապետարանի մուտքը հսկվում է ոստիկանների կողմից:
Ճիշտ լուծումը հրաժարական տալն է. Արմավիրի մարզպետը` Արշալույսում շարունակվող բողոքի ակցիայի մասին

Թեմա
Տեղադրություն



























