ԱՄԷ-ի խոշորագույն պաշտպանական կապալառու EDIC-ն (Emirates Defense Industries Company) առաջին անգամ ներկայացրել է հետեւակի ռուսական ռազմական մեքենա ԲՄՊ-3-ի եռաչափ մոդելը՝ լրացված իրականության տարրերով (Augmented Reality, AR): Ընկերության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այն թույլ կտա էականորեն դյուրացնել ռազմական մեքենաների տեխնիկական սպասարկումը եւ մեծացնել անձնակազմերի պատրաստման մակարդակը:

«Այս մոդելը շահագործողներին թույլ կտա հասնել ռազմական մեքենայի առավելագույն արդյունավետ տեխնիկական սպասարկման, քանի որ այն ցուցադրում է տարբեր հանգույցներ եւ բաղադրիչներ, դրանց կազմը եւ գործառնությունը»,- ասել է EDIC-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ AR տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս նաեւ արագացնել ռազմական մեքենաների անձնակազմերի պատրաստումը՝ գրեթե 2,5 անգամ ավելի արագ, առանց մարտական պատրաստվածության որակի կորստի:

Նա նշել է, որ հիշատակված 3D մոդելի ներդրումը ԲՄՊ-3-ի տեխնիկական սպասարկման եւ անձնակազմի պատրաստման գործընթացի մեջ կսկսվի առաջիկայում:

ԲՄՊ-3-ը ԱՄԷ-ի Զինված ուժերի հետեւակի հիմնական մարտական մեքենան է: Երկրի սպառազինության մեջ կա այդ տեխնիկայի շուրջ 1000 միավոր: