«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգանքով է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ երկիրը կառավարման կիսանախագահական համակարգի վերադարձնելու մասին, բայց այն չի աջակցում: Այս մասին փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցումը դեռեւս լիարժեք չի իրականացվել եւ պետք է շարունակվի: «Այլապես դա կընկալվի որպես հետքայլ: Կարծում եմ՝ որ կառավարման խորհրդարանական համակարգն իրապես չփորձելով, միանգամից կիսանախագահական համակարգին անցում կատարելու մասին որոշումը հետընթաց կլինի: Իսկ մենք պետք է առաջ ընթանանք»,- պարզաբանեց Մարուքյանը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է հրաժարվել ներկայիս գերվարչապետական համակարգից եւ շարունակել ընթանալ խորհրդարանական հանրապետության կառուցման ուղղությամբ:





























