Հայաստանի վարչապետի թիմում կադրային սով է: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ 23 տարեկան անփորձ Հարություն Մաշադյանին Երեւանի զինվորական կայազորի դատախազի պաշտոնին նշանակելը, դեռ ավելին՝ նա Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի որդին է, խոսում է այն մասին, որ երկրում բարձր պաշտոնների նշանակելիս դեռեւս գործում է ծանոթությունների համակարգը: «Մինչդեռ, Փաշինյանը պետք է հասկանա, որ բումերանգով ամեն ինչ վերադառնում է, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի դեպքում: Եթե խոսում ենք այն մասին, որ մարտի 1-ի գործը բացված է, ապա ինչու է ազատության մեջ Աղվան Հովսեփյանը (2008-ի մարտին զբաղեցնում էր Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը – խմբ.), որը հարյուրավոր անմեղ մարդկանց բանտարկում էր»,- նշեց նա:
Եղիազարյանը նաեւ նշեց, որ պետության խնդիրները լուծելու փոխարեն, վարչապետը կրկնում է Միխայիլ Բուլգակովի թեզն այն մասին, որ աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է: «Ակնհայտորեն, սա պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Անհրաժեշտ է առաջին հերթին բարեփոխել բանկային համակարգը՝ գյուղացիներին մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրելով: Դրանից բացի, անհրաժեշտ է խոշոր գործարաններ եւ գոնե Երեւանում բանվոր դասակարգ ստեղծել»,- պարզաբանեց Գուրգեն Եղիազարյանը:
Ընդդիմադիրը հավաստիացրեց, որ իրեն այսօր փորձել է սպառնալ Նիկոլ Փաշինյանի մերձավորներից մեկը՝ Հայկ անունով, որը դրա համար ստիպված կլինի ներողություն խնդրել:





























