Հայաստանի իշխանությունները միայն մեկ չմտածված քայլ կատարեցին Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացում, իսկ հետո արդեն գործընթացը դուրս եկավ նրանց վերահսկողությունից։ Նման կարծիք է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին քայլը, երբ նա հրավիրեց Թուրքիայի նախագահին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, լիովին կամայական էր ու չմտածված։ «Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չէր մտածում, թե ինչ կլինի հետո, նա պարզապես հրավիրեց Թուրքիայի նախագահին Հայաստան, եւ հենց այդ ժամանակից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դուրս եկավ Երեւանի վերահսկողությունից։ Իսկ այժմ Հայաստանի իշխանություններն առավոտյան տեղեկանում են գիշերն իրենց ստորագրմանը պատրաստվածի մասին»,- հայտարարել է Թեւանյանը։ Նրա կարծիքով, «ամենաառաջին ու չմտածված քայլը» Հայաստանի նախագահին դրդել է կատարել քաղաքական իր առանձնահատուկ գիծն ընդգծելու ձգտումը, որը կտարբերվեր իր նախորդների ուղուց։ «Ընդհանրապես այդ գիծը հատուկ է լեգիտիմության խնդիր ունեցող բոլոր քաղաքական գործիչներին»,- հայտարարել է Ա. Թեւանյանը։

Ընդ որում նա ընդգծել է, որ ժամանակի ընթացքում գործընթացներն էլ ավելի մեծ վտանգ են ձեռք բերում Հայաստանի համար, քանի որ միջազգային հանրությունը, եւ հենց Թուրքիան՝ գիտակցելով, որ իրավիճակը դուրս է եկել Երեւանի վերահսկողությունից, փորձում են բոլոր խնդիրները լուծել միասնական փաթեթով, խոսքը տվյալ դեպքում, ղարաբաղյան խնդրի մասին է։ «Այսօր հայ-թուրքական հարցի հետ միաժամանակ լուծվում է նաեւ ղարաբաղյան խնդիրը, եւ թուրքական կողմից մշտապես հնչող հայտարարությունները դրա վառ օրինակն են»,- ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ ներկայիս գործընթացի շարունակումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի կորստին։ Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող նույնիսկ մեկ շրջանի հարցում փոխզիջումը կհանգեցնի ողջ ԼՂՀ-ի կորստին։