Այն, ինչ ասաց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը, բացարձակ ճշմարտություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, զեկույցը եւս մեկ անգամ ապացուցում է, որ երկրին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ խորհրդարանը ներկայացնում է հանրության կարծիքը: ՀՀԿ խմբակցության անդամը նաեւ նշեց, որ ամենեւին էլ ժամանակավոր հանձնաժողովի խնդիրը չէր՝ բացահայտել եւ կառափնարան տանել մարտի 1-ի դեպքերի հետ կապված բոլոր մեղավորներին:
Հիշեցնենք սակայն, որ «մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովի գործառույթների մեջ մտնում էր մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը, սակայն այդ ուղղությամբ ոչ միայն ոչինչ չի արվել, այլ նաեւ հանձնաժողովի զեկույցում դրան անդրադարձ գրեթե չկա: Փոխարենը զեկույցում նշվում է, որ ընդդիմությունը բարոյական պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, իսկ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ:
«Հանձնաժողովը ստեղծված էր ոչ թե դատաիրավական, քննչական կամ նախաքննչական մարմիններին փոխարինելու, այլ ստեղծված էր իբրեւ քաղաքական օրգանի մաս, որը պետք է ուսումնասիրեր հանգամանքները՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել»,-ասում է պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության անդամը մարտի 1-ի դեպքերի համար մեղադրում է ե՛ւ իշխանությանը ե՛ւ ընդդիմությունը: «Պատասխանատվության բաժինն ավելի շատ իշխանությանն վրա է, իսկ մեղքինը՝ ընդդիմությանը»,- ընդգծեց նա:




























