Գերմանիան հավատարիմ է Սաուդյան Արաբիա սպառազինությունների արտահանումը սառեցնելու ռեժիմին՝ հակադրվելով ճնշումներին Բրիտանիայի եւ ռազմական ընկերությունների կողմից, որոնք պնդում են, որ դա վնաս կհասցնի առեւտրին՝ հայտնում է Reuters-ը։
Նոյեմբերին Գերմանիան հայտարարել էր, որ ինքը կդադարեցնի զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային՝ կապված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ։ Բեռլինը պաշտոնապես նախկինում հավանություն էր տվել գործարքին, սակայն հետեւողականորեն կոչ էր անում ընկերություններին մատակարարումներ չանել։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը Գերմանիային կոչ է արել մեղմացնել դիրքորոշումը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ որեւէ փոփոխություն տեղի չի ունենա։ «Կառավարության դիրքորոշումը պարզ է։ Փոփոխելու ոչ մի հիմնավորում չկա»,- ասել է նա։
Գերմանիայի ԱԳ նախարար Խեյկո Մաասը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը դադարեցնելը կապված է Եմենում իրավիճակի հետ։
Հանթը Մաասին գրած նամակում մտահոգություն է հայտնել, որ ռազմական Eurofighter Typhoon, Tornado եւ Hawk ինքնաթիռների մատակարարման դադարեցումը կարող է հանգեցնել 500 ընկերությունների կողմից տուգանքների սահմանմանը։ Նա նաեւ նշել է, թե վտանգ կա, որ Սաուդյան Արաբիան ապագայում սպառազինությունները Ռուսաստանից կամ Չինաստանից կգնի։




























