Սեպտեմբերի սկզբին համաշխարհային ֆուտբոլի գրանդներից մեկը՝ իսպանական «Բարսելոնը», անց էր կացրել պատանի ֆուտբոլիստների ընտրություն, որոնք պետք է ուսանեին իր մանկա-պատանեկան դպրոցում։ Բնականաբար, ցանկացողները շատ էին՝ 204 ֆուտբոլիստ ողջ աշխարհից։ Թեկնածուների մեջ էր նաեւ «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան 11-ամյա Էրիկ Վարդանյանը,- հաղորդել է ակումբի մամլո ծառայությունը։

Հինգ մարդուց բաղկացած ժյուրիի անդամները գնահատում էին պատանի մարզիկների ֆուտբոլային հատկությունները. փոխանցում, հարված, խաղ դեմ առ դեմ, դրիբլինգ եւ այլն։ Արդյունքում բոլոր մասնակիցներից «Բարսելոնի» դպրոցում սովորելու իրավունք ստացան երկու ֆուտբոլիստներ։ 52 միավոր վաստակած մեքսիկացի պատանի ֆուտբոլիստն ու Էրիկ Վարդանյանը, որը վաստակել էր առավելագույն բարձր 60 միավոր։ Այսպիսով, «Բանանց» ֆուտբոլային ակումբի սանը առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսանի կատալոնական հանրահայտ ակումբի դպրոցում, որից հետո նա հնարավորություն կունենա ուսանելու «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։

Նշենք, որ Է.Վարդանյանը մարզվել է «Բանանց» ՖԱ մանկա-պատանեկան դպրոցի մասնագետներ Արա Նիկոյանի ու Սամվել Պողոսյանի ղեկավարության ներքո։