ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը շաբաթվա սկզբին երկրի Վճռաբեկ դատարանին կոչ է արել վերանայել Դաշնային դատարանի` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին վերաբերող վճիռը:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին կայացրած վճռով ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Կալիֆոռնիա նահանգում 2000 թվականին ընդունված օրենքը, որի համահեղինակներից էր Ադամ Շիֆը եւ որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հնարավորություն էր տալիս ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։ Դաշնային դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը։
Ադամ Շիֆը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամերիկյան կառավարությունը երբեք չի խոչընդոտել ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ կանխել նահանգների ջանքերը` նպաստելու ապահովագրական ընկերությունների նկատմամբ ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջների առաջխաղացմանը:




























