Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել, հաղորդում  է Life-ը` հղում անելով հրամանատարության Twitter-ին:

«Կատարելով գլխավոր հրամանատար Մադուրոյի հրամանը մեր հրամանատար Ռեմիխո Սեբալոսը Զինված ուժերին հրամայել է զորքերը տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին՝ սահմանը փակելու միջոցով պաշտպանելով ժողովրդի անվտանգությունը եւ  խաղաղությունը», - ասվում է հաղորդագրությունում:

Այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմությունը հայտարարել է Վենեսուելա մարդասիրական օգնության մատակարարման մեկնարկի մասին: Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը կտրականապես հրաժարվում է այն ընդունել: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ փակում է  Բրազիլիայի հետ սահմանը եւ քննարկում է Կոլումբիայի հետ սահմանի փակման հարցը:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, ընդդիմության առաջնորդ եւ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուայդոն իրեն երկրի նախագահի պաշտոնակատար էր հռչակել: