Ժամը 17:30-ի սահմաններում` Մատենադարանի մերձակայքում սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական բազմահազարանոց համահանրապետական հանրահավաքը: Այն նվիրված է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հարթակում են գտնվում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հանրահավաքը վարող` ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ անցած երեք տարում Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել խաղաղ քաղաքացիների սպանությունների բացահայտման համար: Նա նաեւ ասել է, որ չնայած խոչընդոտներին, մարզերի բնակիչների դեմ հարուցված արգելքներին, հանրահավաքը շատ բազմամարդ է:
Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը:
Նշենք, ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի մեկի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ, որոնց մի մասը դեռ բանտում է: Իշխանությունները տեղի ունեցածը համարում են զանգվածային անկարգություններ:




























