Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեղքի իր բաժինն ունի Հայաստանին արտաքին քաղաքականության մեջ՝ նման բարդ հանգրվանի հասցնելու գործում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին «Հայացք» ակումբում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը՝ մեկնաբանելով նախկին արտգործնախարարի՝ երեկ կայացած քննարկմանն արած այն հայտարարությունը՝ թե «Հայաստանն այսօր ավելի ոչ ժողովրդավար է, քան առաջ, Հայաստանում կան բանտարկյալներ, եւ այդ ամենով հանդերձ գնալ հայ-թուրքական արձանագրոթյունների վավերացմանն անխոհեմություն է»:
«Եթե այս բառերը վերցնում ենք որպես միտք, այնտեղ շատ տրամաբանական, ճիշտ խոսքեր են ասված: Ցավոք պարոն Օսկանյանը մի քիչ ուշ է այս մասին խոսում: Ավելին, երկիրը ոչ ժողովրդավար դարձնելու գործում նա ակտիվ դերակատարություն է ունեցել: Եւ արտաքին խնդիրները նման բարդ հանգրվանի հասցնելու գործում դերակատարություն է ունեցել»,- արձանագրեց Մուսինյանը:
Անդրադառնալով Օսկանյանի մեկ այլ հայտարարության, թե «անհրաժեշտ է բողոքի ալիք բարձրացնել արձանագրությունների ստորագրման դեմ», Արման Մուսինյանն ասաց. «Կա վտանգ, իսկ Օսկանյանը այդ վտանգը տեսել է եւ ասել, որ պետք է բարձրացնել բողոքի ալիք: Կամ նա հենց վաղվանից պետք է բողոքի ալիք բարձրացնի, կամ, ըստ էության, փորձի համագործակցել այն ուժերի հետ, որոնք բարձրացնում են: Նա նաեւ ասել է, որ պետք է ալիք բարձրացնել, բայց չգիտի, թե ինչպես: Անկեղծ, ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ մտնում քաղաքականության մեջ:Համենայն դեպս, կարեւորը ոչ թե խոսքերն են, այլ գործը, բայց դեռ որեւէ կոնկրետ գործ այս ուղղությամբ Օսկանյանը չի արել»:




























