Հայաստանի Տավուշի մարզում` Կայան ավանի մերձակայքում, այսօր` մարտի 1-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
«Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտորդները շփման գիծը դիտարկել են 700 մետր հեռավորության վրա, իսկ ադրբեջանական կողմը հերթական անգամ դուրս չի եկել շփման գիծ»,-հայտարարեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա), Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը:




























