Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու հոկտեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական լսումներին՝ նվիրված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
«Չի մասնակցելու մեկ պարզ պատճառով, որ այդ լսումները բացարձակ նպատակ չունեն, ինքնանպատակ են, ունեն իմիտացիոն բնույթ: Արձանագրությունները փոփոխելու խնդիր չկա, դրված է վավերացնելու խնդիր: Իսկ խորհրդարանը, լինելով ոչ քաղաքական, կրնկի տակ գտնվող մարմին, զուտ ձեւական լսումներ է կազմակերպում, ինչպես ձեւական էր մարզահամերգային համալիրում կայացած միջոցառումը: Եւ ուզի-չուզի վավերացնելու է այն որոշումը, ինչ հրահանգելու են Բաղրամյան 26-ից՝ նախագահի նստավայրից»,- ասաց Մուսինյանը:
Վերջինս նաեւ նկատեց, որ Սերժ Սարգսյանը զիջումներ անելու գնով փորձում է լեգիտիմանալ արտերկրում, քանի որ Հայաստանում ռեսուրս չունի՝ բացի ուժային կառույցներից, ինչն էլ նրան ինքնաթելադրել է գնալ նման խայտառակ գործարքների:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում լսումներ են կազմակերպվելու օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնց մեջ, ըստ ընդդիմադիր ուժերի, անընդունելի նախապայմաններ կան:




























