Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկուշաբթի նոր կառավարության անդամների նշանակման մասին հրամագիր է ստորագրել, հայտնել է երկրի առաջնորդի մամուլի ծառայությունը:

«Հրամայում եմ Սմաիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Կասիմբեկ Ժենիս Մախմուդուլիին՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ»,- նշված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է Tengrinews-ը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյբուտ Ատամկուլովը մնացել է Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնում, Նուրլան Երմեկբաեւը վերանշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Երլան Տուրգումբաեւը մնացել է ՆԳՆ ղեկավար:

«Աբաեւ Դաուերան Ասկերբեկովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության եւ հասարակական զարգացման նախարար, Բեկետաեւ Մարատ Բակիտժանովիչին՝ արդարադատության նախարար, Բիրտանով Ելժան Ամանտաեւիչին՝ առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում:

Արիստանբեկ Մուխամեդիուլին վերանշանակվել է մշակույթի եւ սպորտի նախարար, իսկ Կանատ Բոզումբաեւը՝ երկրի էներգետիկայի նախարար, Ասկար Ժումագալիեւը դարձել է  թվային զարգացման, պաշտպանական եւ աերոտիեզերական արդյունաբերության նախարարը: