Հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման գործընթացների ուղղակի կապի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան մի շարք անձանց վերջին հայտարարությունները չեն կարող անհանգստության առիթ չհանդիսանալ հայկական կողմի համար։ Չնայած միջազգային միջնորդների հայտարարություններին ու Հայաստանի իշխանությունների միանշանակ այն հավաստումներին, թե այս գործընթացները ընթանում են զուգահեռ, սակայն փոխկապակցված չեն, Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները կանոնավոր կերպով պնդում են հակառակը։ Ընդ որում, եթե խոսքը լիներ միայն պաշտոնական Բաքվի հնացած ճարտասանության մասին, ապա դրա վրա կարելի կլիներ ընդհանրապես ուշադրություն չդարձնել։ Մինչդեռ վերջին ժամանակներս դրանք հնչում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտություններին համահունչ։

Ընդ որում, որքան մոտենում է նախաստորագրված արձանագրությունների ու դրանց վերջնական ստորագրման շուրջ Հայաստանում ու Թուրքիայում սկսված ներքաղաքական խորհրդատվությունների ավարտի ժամկետը, այնքան հաճախակի են դառնում միջազգային միջնորդներին ուղղված ղարաբաղյան կարգավորման ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ պաշտոնական Անկարայի կոչերը։ Այդ առիթով մի քանի անգամ հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, իսկ անցած շաբաթվա վերջին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը ընդհանրապես բացառել է Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։

Սույն քաղաքականությունը չէր կարող չառաջացնել Ադրբեջանի իշխանությունների հուզախառն դրական ռեակցիան, որոնց դիրքորոշումը, ինչպես դա հաճախ է լինում, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։ «Մենք մեր թուրք գործընկերներից այլ դիրքորոշում չէինք էլ ակնկալում, մենք բավարարված ենք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշմամբ, որ նա պահում է Ադրբեջանին տված իր այն խոստումը, թե առանց ղարաբաղյան խնդրի լուծման թուրք-հայկական սահմանը չի բացվի»,- 1news.az-ին հայտարարել է Է. Պոլուխովը։

Այստեղ նշենք, որ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում մենք դառնում ենք պաշտոնատար անձանց, միջազգային միջնորդների եւ, ի հավելումն դրանց, տարածաշրջանի բոլոր երկրների փորձագիտական ու լրագրողական շրջանակների բազմազան մեկնաբանությունների սեւեռուն բարբաջանքի վկաները, որոնց հետեւում են կոնկրետ քայլերը, մեղմ ասած, բոլոր խոսակցությունների հիմնական ուղղությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրումը։ Սակայն դա չի նշանակում, որ հարկավոր է լիովին անտեսել ողջ տեղեկատվությունը՝ ուշադրություն չդարձնելով հայկական կողմի համար ոչ բարենպաստ միտումներին։ Իսկ ոչ բարենպաստ միտումը վերջին շաբաթվա ընթացքում սկսել է հստակորեն երեւալ։