Մայրաքաղաքում եւ դրա շրջակայքում գործող «Արարատ» գործարար ցանցը ազդարարել է Վիրջինիա նահանգում մասնաճյուղ հիմնադրելու մասին: Երեք տարի գործող այս կառույցը ընդլայնում է իր աշխարհագրությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեր գաղափարն այն է, որ մերժենք այն մոտեցումը, թե հայերի հետ դժվար է բիզնես վարել Միացյալ Նահանգներում։ Կարծում եմ, այս ուղղությամբ բավականին հաջողությունների հասանք»,- ասում է Արարատ բիզնես ցանցի համահիմնադիր, ամերիկահայ գործարար Արշակ Սարգսյանը Վիրջինիա նահանգում կազմակերպության մասնաճյուղի հիմնադրման առիթով կազմակերպված միջոցառմանը:
Մայրաքաղաք Վաշինգտոնում եւ դրա շրջակայքում գործող ամերիկահայ գործարարների այս միությունը աստիճանաբար ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր շրջանակներ:
«Մենք փորձում ենք հիմնել ավելի մեծ խումբ, որը կընդգրկի Վիրջինիայի, Մերիլանդի եւ մայրաքաղաք Վաշինգտոնի տարածքը՝ օժանդակելով հայ գործարարներին»,- ասում է ամերիկահայ գործարար Լեւոն Անտոնյանը:
Միջոցառման մասնակից ամերիկահայ գործարարներն ընդգծում են ցանցի կարեւորությունը: Գործարար ակտիվությունից մինչեւ հայրենակիցների հետ շփման հնարավորություն եւ նոր կապերի հաստատում. նախաձեռնությանը մասնակցելու դրդապատճառները բազմազան են:
«Երեսուն տարի առաջ որպես գաղթական եկել ենք այստեղ, եւ առաջին իսկ օրից զգացել ենք մեր հայրենակիցների հետ շփվելու եւ միասնաբար բիզնես գործունեություն ծավալելու կարիք»,- նշում է գործարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Շատ լավ տպավորություն եմ ստացել այս հավաքից: Կարծում եմ այս նախաձեռնությունը չափազանց օգտակար է Վիրջինիա նահանգի ամերիկահայ գործարարների համար»,- ասում է միջոցառման մասնակից ամերիկահայ գործարար Աննա Հոլը:
Միջոցառմանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության դիվանագետները եւս կարեւորեցին ձեռնարկի հաջող ընթացքը՝ ընդգծելով ամերիկահայ գործարար շրջանակների հետ Հայաստանի կապերի էլ ավելի ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:
«Արարատ» բիզնես ցանցը գործում է արդեն 3 տարի: Հետագա նպատակներից են ցանցի գործունեության ընդլայնումն ու նոր նահանգների ու հարեւան երկրների ընդգրկումը:
«Մեր նպատակն է անդամների թիվը մեծացնել՝ հասցնելով 100-120-ի: Մենք գործում ենք Մերիլենդ նահանգում։ Այս մասնաճյուղը կգործի Վիրջինիայում եւ հավանաբար կբացենք եւս մեկ մասնաճյուղ Նյու Ջերսիում: Այնուհետեւ կքննարկենք Կանադայում մեր մասնաճյուղը բացելու հարցը, ուր եւս մեծ հետաքրքրություն կա մեր այս նախաձեռնության նկատմամբ»,- հայտնում է Սարգսյանը:
Համահիմնադիր Արշակ Սարգսյանն ընդգծում է, որ որակյալ բիզնես ծառայության մատուցումը իրենց կազմակերպության հիմքում է: Բիզնեսի կանոնները գործում են բոլորի համար:
«Եթե ինչ որ անդամի բիզնես առաջարկ ենք անում, ապա անպայման հետեւում ենք, որ այդ գործը առաջ գնա եւ հաճախորդը որեւէ գանգատ չունենա: Եթե կան գանգատներ, թերությունները անմիջապես պետք է շտկվեն»,- ընդգծում է համահիմնադիրը:
Գործարար ցանց ստեղծելու հետ մեկտեղ նախաձեռնությունը իր կապը չի կորցնում Հայաստանի հետ: Ամերիկահայ այս գործարար միության անդամների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանում իրականացվում են մի շարք մարդասիրական ծրագրեր:



























