Իրանում ոստիկանությունը սկսել է զբաղվել մանեկենների արտաքին տեսքով: Իսլամական բարոյականության պահապանները արգելել են խանութների տերերին կանացի հագուստի ցուցադրման համար օգտագործել մանեկեններ՝ առանց մահմեդական գլխաշորի` հիջաբի: Բացի այդ արգելվում է ցուցադրել նաեւ փողկապներ եւ «թիթեռնիկ-փողկապներ», իսկ կանացի սպիտակեղեն իրավունք ունեն վաճառել միայն կին վաճառողուհիները:

Նման միջոցառումները «Արեւմուտքի բացասական ազդեցության» դեմ ուղղված կամպանիայի մասն են, որը սկիզբ է առել 2005-ին, երբ իշխանության եկավ Իրանի ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Միաժամանակ իշխանությունները փորձում են կիրառության մեջ դնել հագուկապի մահմեդական ավանդույթներ:

Անցյալում այդ քարոզչությունը, որպես կանոն, իրականացվում էր ամառային սեզոնին, չնայած պայքարը կանանց նեղ շալվարներ հագնելու դեմ շարունակվում են նաեւ ձմռանը:

Ավելի վաղ, Իրանի իշխանությունները խիստ սահմանափակումներ էին մտցրել մոդելյորների եւ մանեկենուհիների համար` մոդայիկ հագուստի ցուցադրման ժամանակ: Մոդելներից պահանջվում է «որքան հնարավոր է քիչ օգտագործել կոսմետիկա եւ իրենց պահել այնպես, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը չշեղվի հագուստից»:

«Հագուստը պետք է ծածկի մոդելների մարմնի ուրվագծերը, նրանց մազերը նույնպես պետք է փակ լինեն մարդկանց աչքից: Արգելվում է նեղ եւ կիպ հագուստ հագնելը, որպես Իրանի եւ Իսլամի մշակութային արժեքներին չհամապատասխանող երեւույթ»,- ասված է փաստաթղթում: