«Գործը, որ հարուցել ենք „Կովկասի ինստիտուտ“ հիմնադրամի դեմ, իր բնույթով քաղաքացիական է, ոչ՝ քրեական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական հասարակական կազմակերպության տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նշենք, որ գործ հարուցելու պատճառն այն է, որ վերոնշյալ հիմնադրամի կողմից 2008թ-ին հրատարակված "Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը " գրքում տեղ գտած հոդվածներում, ըստ Արմեն Այվազյանի, կասկածի տակ է դրվում Հայոց Ցեղասպանության իրողությունը։
Բանն այն է, որ այդ ժողովածուում զետեղված է նաեւ թուրք Այբարս Գյորգյուլուի կողմից հեղինակած նյութը, որտեղ Ցեղասպանություն բառը չակերտների մեջ է վերցված, ինչը Ա. Այվազյանը մեկնաբանում է որպես ցեղասպանությունը ժխտելու դասական օրինակ: Նա նշեց, որ քանի որ գիրքը անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններով տարածվել է նաեւ արտերկրում, ապա դա ժխտում է նաեւ միջազգային մակարդակով։
Հայտարարելով, որ իրենք Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի 8 չափորոշիչներից ելնելով՝ հաշվել են ՀՀ շահերին եւ միջազգային հեղինակությանը գրքի հասցրած վնասի չափը (մոտ 20 մլն դրամ)՝ Արմեն Այվազյանը նշեց, սակայն, որ իրենք պատասխանող կողմից դրամական ակնկալիքներ չունեն. բավական է, որ հասցրած բարոյական վնասի դիմաց նրանք միայն մեկ խորհրդանշական դրամ վճարեն։
Հարցին, թե, ամեն դեպքում, վտանգավոր եւ ամոթալի չէ՞ Հայաստանում նման բնույթի դատավարություն սկսելը՝ հաշվի առնելով Թուրքիայի հնարավոր արձագանքը, «Արարատ» ռազմավարագիտական հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Այվազյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ անենք, թողնենք, որ այդպես շարունակվի՞»:
Վերջում հույս հայտնելով, որ իրենց հայցն անպայման կբավարարվի, նա տեղեկացրեց, որ գործը սույն տարվա սեպտեմբերի 17-ից գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նախնական լսումները դեռեւս չեն սկսվել։




























