Հայ Հեղափոխական Դաշնակցությունը մեկ տարի շարունակ մատը մատին չխփեց հայ-թուրքական խայտառակ արձանագրությունների դեմն առնելու համար, իսկ այսօր հանիրավի մեղադրանքներ է հասցեագրում Հայ ազգային կոնգրեսին, որը անցած տարվանից նախազգուշացնում է վտանգավոր զարգացումների մասին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, սեպտեմբերի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի արած այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը փորձում է հանրահավաքներ չանելով չխանգարել իշխանություններին եւ նպաստել նրանց ձախողմանը հայ-թուրքական հարաբերություններում, որ օգտվի դրանից, նշեց. «Կոնգրեսն այս գործընթացների վտանգավորության մասին նշում էր դեռ անցած տարվա հունիսից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համաձայն է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը: Նույն Դաշնակցությունը, չիմանալով, թե ինչպես խուսանավել, հայտարարեց, թե նախագահը նման բան չի ասել»:

Ըստ Մուսինյանի՝ Դաշնակցությունը ամբողջ մեկ տարի տեղյակ էր գործընթացից, եւ միայն երբ «արձանագրությունները ջրի երես դուրս եկան, այլ բան չէր կարող անել, քան ինչ-որ չափով փրկել դեմքը»:

«ՀՅԴ-ն մեկ տարի մատը մատին չխփեց, մինչ ՀԱԿ-ը մեկ տարի խոսում էր ԼՂ եւ Հայաստանի գլխին կախված վտանգների մասին»,- նշեց Մուսինյանը եւ հավելեց. «Նման հանճարեղ մտքեր ասելուց առաջ կարելի է մի քիչ մտածել»: