Գերմանիայից 76-ամյա տղամարդը գնացքում մոռացել է 10 հազար եվրո արժողությամբ բացառիկ կերամիկական սափոր՝  Le Hibou («բու» ) նախշով, որը 1953 թ. ստեղծել է  Պիկասոն, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ տարեց տղամարդը գնացքով տուն էր ուղեւորվում Կասել-Դյուսելդորֆ երթուղով: Գնացքում նա նա գետնին էր դրել  աճուրդի տան ֆիրմային տոպրակով կերամիկական սափորը: Համմ քաղաքում(Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հող) տղամարդը դուրս էր եկել գնացքից, սակայն մոռացել էր իր հետ տանել Պիկասոյի աշխատանքը: Այդ մասին նա հիշել էր 21 ժամ անց:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տղամարդը միանգամից դիմել է երկաթուղային ընկերության աշխատակիցներին, որից հետո գնացքի անձնակազմին օպերատիվ կերպով տեղեկացրել են  արժեքավոր առարկայի կորստի մասին: Գնացքում որոնումներ են կատարվել, սակայն սափորը չեն գտել:

Տղամարդը կարողացել է ոստիկանությանն ապացուցել, որ սափորն իսկապես իրեն է պատկանել: Իրավապահ մարմինները հետաքննում են դեպքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: