ԱՄՆ գերագույն դատարանը վճռել է, որ ամերիկյան նահանգները չեն կարող իրականացնել այն մարդկանց մահապատիժը, որոնք ընդունակ չեն հասկանալ իրենց պատժի պատճառը։ Սրանով դատարանը սատարել է Ալաբամայից մահվան դատապարտվածին, ով ինսուլտ է տարել եւ կորցրել է հիշողությունը։ Նա չի հիշում, թե 1985թ․ ինչպես եւ ինչու է սպանել ոստիկանին՝ հայտնում է Reuters-ը»

Գերագույն դատարանը չեղյալ է համարել եւ վճռել է վերանայել Ալաբամա նահանգի դատավճիռն այն մասին, որ Վերնոն Մեդիսոնը պետք է մահապատժի ենթարկվի։

ԱՄՆ սահմանադրության 8-րդ փոփոխությունը արգելում է մահապատիժն այն մարդկանց համար, որոնք դեմենցիայի, հոգեկան հիվանդության կամ այլ պատճառներով չեն կարող հասկանալ, թե ինչու պետք է մահապատժի ենթարկվեն։

Մեդիսոնը սպանել է ոստիկանին՝ երկու անգամ կրակելով ծոծրակին։ Վերջին տարիների ընթացքում նա մի քանի ինսուլտ է տարել, որոնք հանգեցրել են ուղեղի վնասվածքի։ Նա կուրացել է, առանց օգնության չի կարողանում քայլել եւ հազիվ է խոսում։