Արամ Խաչատրյանի անվան տրիոն նշում է հիմնադրման տասնամյակը:
Խաչատրյանի անվան եռյակը կազմավորվել է 1999թ.: Սկզբնական շրջանում այն կրել է «Արսիկա» անունը՝ 2008-ին արդեն վերանվանվելով «Արամ Խաչարյանի անվան տրիո»։ Այս տարի տրիոն նշում է գործունեության տասնամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա տրիոյի նոր ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը։ Ծրագրում կհնչեն հայ եւ ռուս դասականների գործեր։
Արամ Խաչատրյանի անվան տրիոյի կազմում հանդես են գալիս ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը։
Գործունեության տասը տարիների ընթացքում եռյակը համերգներով շրջագայել է եվրոպական եւ հարավամերիկյան մի շարք երկրներում, մասնակցել համաշխարհային բազմաթիվ փառատոնների։
Խաչատրյանի անվան եռյակը համագործակցում է նաեւ ժամանակակից կոմպոզիտորների հետ, լուսավորչական գործունեություն ծավալում ՀՀ մարզերում։



















