Անարդար մրցավարությունը դարձել է «Գանձասար» թիմի պարտության պատճառ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած Թուրքմենբաշու գավաթի խաղարկության եզրափակիչում, գրում է «Ժամանակ» թերթը:

Կապանի «Գանձասար»-ը 2:1 հաշվով զիջել է տեղի «Ալթին Ասիր»-ին:

«Կրկեսի էր նման այս եզրափակիչը: Խաղից առաջ մեզ հայտնեցին, որ որակազրկված են ու եզրափակիչին չեն կարող մասնակցել առանցքային ֆուտբոլիստներ, հարձակվող Արթուր Քոչարյանն ու Գորան Օբրադովիչը»,- նշել է թիմի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Որպես որակազրկման պատճառ են նշվել «Գանձասար»-ի ֆուտբոլիստների ժեստերը նախորդ հանդիպման 11-մետրանոցներից հետո:

Խաշմանյանը նշել է նաեւ, որ խաղի ընթացքում մրցավարը 3 կասկածելի 11-մետրանոց է նշանակել «Գանձասար»-ի դարպասին, որոնցից երկրորդը թուրքմենները չեն իրացրել եւ անմիջապես դրանից հետո մրցավարը հնարել է երրորդը, ինչից հետո «Ալթին Ասիր»-ին հաջողվել է հաղթանակ տոնել:

Մարզչի խոսքով, թուրքմենները խաղից հետո ներողություն էին խնդրում` ասելով, թե գավաթը պետք է ամեն գնով մնար Թուրքմենստանում: