Եկատերինբուրգում դատավարություն է սկսվել Գեւորգ Ավետիսյանի հանդեպ, որը հունվարի վերջին այրվող տնից երեք երեխա էր փրկել։ Նա մեղադրվում է հարեւանին առողջության համար ծանր վնաս հասցնելու մեջ, որը կատարվել է մարդկանց խմբի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով մարզային դատախազության ներկայացուցիչ Մարինա Կանատովային։

Տունը, որտեղ Ավետիսյանն ապրում էր կնոջ եւ հինգ երեխաների հետ, քաղաքապետարանի սեփականությունն է, ինչի պատճառով քաղաքային վարչությունը դատարանի միջոցով վտարել է ընտանիքը բնակարանից։

Քաղաքի վարչության հաղորդմամբ՝ Ավետիսյանների ընտանիքը մի քանի տարի տունը կիսել է գործով տուժողի հետ։ Տուժածի պատմածով՝ նա նստած է եղել իր մեքենայի հետեւի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում եւ ծակում է իր մեքենայի անիվը։ Նա դուրս է եկել մեքենայից, եւ քաշքշուկ է սկսվել։ Իբր քաշքշուկի ընթացքում Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու ծանոթի հետ միասին տուժածին մի քանի հարված հասցրել՝ կոտրելով նրա կողը, որը ծակել է թոքը։

«Ավետիսյանին եւ էլի մի տղամարդու մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քր.օր. 111 հոդվածով»,- ավելացրել է Կանատովան։

Ավետիսյանն ինքը պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան յոթ տարի կիսում է տունը, եւ նրանք մշտապես կենցաղային վեճեր են ունեցել։ Բայց քաշքշուկի օրը՝ անցած տարվա սեպտեմբերի 8-ին, նա չի ծակել տուժածի ավտոմեքենայի անիվը։ Նրա վարկածով՝ հենց տուժածն է հարձակվել իր վրա գազի բալոնով։

«Ես պաշտպանվում էի եւ հարվածել եմ նրան։ Աղյուսը թափահարեցի, որ վախեցնեմ։ Հույս ունեմ, որ կապացուցեմ իմ անմեղությունը, որովհետեւ, ստացվում է, որ նա առաջինը հարձակվեց ինձ վրա, ես հանգիստ գնում էի տուն»։

Եկատերինբուրգի Լենինյան շրջանի դատարանում գործակալությանը տեղեկացրել են, որ գործի առաջին քննությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, հաջորդը նշանակված է մարտի 27-ին։