Հայաստանի կառավարությունը որոշել է հիմնադրել «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ը: Սահմանվել են դպրոցի գործունեության առարկան եւ նպատակները` դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, դիվանագիտական կադրերի պատրաստումը` բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին լրացուցիչ կրթություն տրամադրելու միջոցով, միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցելը եւ այլն:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ նախագահի` նման դպրոց ունենալու անհրաժեշտության մասին ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ: Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, դպրոցի ստեղծումը թույլ կտա ծրագրված եւ կանոնավոր կերպով կազմակերպել դիվանագետների պատրաստումը եւ վերապատրաստումը, ինչը մեզանում առաջին անգամ է լինելու: Սկզբնական շրջանում դպրոցը կտեղակայվի ՀՀ ԱԳՆ վարչական շենքի առաջին հարկում գտնվող տարածքում:




























