Մեծ Բրիտանիայից գիտնականների արշավախումբը, որն անվանվել է Nekton Mission, ժամանել է Սեյշելյան կղզիներ, որտեղ ուսումնասիրություններ է կատարելու Հնդկական օվկիանոսում եւ արձանագրելու գլոբալ տաքացման ազդեցությունը Երկիր մոլորակի ամենաքիչ ուսումնասիրված հատվածում, հաղորդում է Associated Press-ը:

Ocean Zephyr գիտական նավը հանգրվանել է Սեյշելի մայրաքաղաք Վիկտորիայում, որտեղ մի քանի օր անցկացվելու է սարքավորումների թեստավորումը հետազոտության մեկնարկից առաջ:

Գիտական արշավախմբի կազմում են հետազոտողներ ավելի քան 40 կազմակերպություններից: Յոթ շաբաթների ընթացքում նրանք ուսումնասիրելու են ստորջրյա կյանքն ու ծովի հատակը: Գիտնականները սենսորներ կտեղադրեն 2000 մ խորության վրա Սեյշելյան կղզիների մոտակայքում գտնվող ջրերում եւ կարձանագրեն բոլոր ստորջրյա փոփոխությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ միլիարդավոր մարդկանց կյանքերի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: