Համացանցի օգտատերերը քննադատությամբ եւ սուր դիտողություններով են հարձակվել Ավստրալիայից երիտասարդ ծնողների վրա, որոնք որոշել են իրենց դստերը հռոմեական թվերով «յուրահատուկ» անուն տալ, հայտնում է The Daily Express-ը:

Ջեսիկա Մեւիսի դեպքը, որը պարծեցել էր դստեր «յուրահատուկ» անունով, տեղի է ունեցել դեռեւս 2 տարի առաջ, սակայն հիմա ինչ-որ մեկը փորփրել հանել է այդ արտառոց պատմությունը, որը դարձյալ հայտնվել է լրատվամիջոցների վերնագրերում եւ համապատասխանաբար՝ համացանցում:

Ծնողները փոքրիկին անվանակոչել էին ՔVIIIլին: Մայրը դա պատճառաբանում էր նրանով, որ մշտապես պաշտել է «Քեյթլին» անունը, սակայն ատել է դրա տարածվածության փաստը:

«Եվ ահա, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու, ամուսինս առաջարկեց այդ «եյթը» փոխարինել հռոմեական ութ թվով»,- Life ամսագրին ասել էր Մեւիսը, որը ամսագրին էր տրամադրել երեխայի լուսանկարները:

«Հիմա մեր դուստրն իսկապես յուրահատուկ է»,- նման ցնցող եզրակացության էր հանգել նա:

Լրատվամիջոցները հայտնել են, որ Ավստրալիայում արգելված է երեխաներին անուններ տալ, որոնք թվեր են պարունակում, սակայն դա Մեւիսին եւ նրա ամուսնուն չի խոչընդոտել:

Facebook-ի օգտատերերից մեկը հայտարարել է, որ հռոմեացիները 8 թիվն անվանում էին օկտո, եւ հիմա փոքրիկի անունը արտաբերվում է ոչ թե «ՔԵՅԹլին», այլ «ՔՕԿՏՈլին»:

Մեկ այլ օգտատեր, այս անգամ Twitter-ում գրել է. «Տեսեք, թե ինչպես է վշտացած ՔVIIIլինը: Անգամ նա գիտի, որ իր ծնողները հիմար են»: