Երկուշաբթի Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն սկսել են «Տոնմեն» (Միություն) անվանումով զորավարժությունները  ավելի վաղ անցկացվող «Kye Resolve» շարքի մանեւրների, ինչպես նաեւ «Տոքսուրի» («Foal Eagle») փոխարեն, հաղորդում է Հարավային Կորեայի ՊՆ-ն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա տվյալներով՝ մարտի 2-ին կայացել է Կորեայի հանրապետության պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուի եւ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի հեռախոսազրույցը, որոնք պայմանավորվել են «Kye Resolve» եւ «Foal Eagle» զորավարժությունների դադարեցման մասին:

Սեուլում ճեպազրույցի ժամանակ ՊՆ-ի ներկայացուցիչ Ցոյ Խյոն Սուն հայտնել է, որ Հարավային Կորեան ոչ մի խնդիր չի տեսնում հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման կապակցությամբ՝ Կորեական թերակղզում իրավիճակի տեսանկյունից.

«Մեր զինված ուժերը հուսալի մարտական պատրաստություն կապահովեն», - ընդգծել է նա:

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հուսով են, որ զորավարժությունների ծավալների կրճատումը կնպաստի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման գործընթացին:

Պհենյանը  սովորաբար վճռականորեն  դեմ է արտահայտվում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ամենամյա զորավարժությունների անցկացմանը՝ դրանք նախապատրաստում համարելով ԿԺԴՀ տարածք ներխուժելու համար: