- Քեզ այլեւս Մատնաչափիկ չեն անվանի,- ասաց հարսնացուին էլֆը,- դա գեղեցիկ անուն չէ, իսկ դու այնքա՜ն լավիկն ես։ Քեզ Մայա կանվանեն։

- Մնաս բարով, մնաս բարով,- շշնջաց ծիծեռնակը եւ ծանր սրտով տաք երկրներից թռավ հայրենիք, հեռավոր Դանիա։ Այնտեղ նա բույն ուներ, հենց այն մարդու լուսամուտի վերեւը, որը կարողանում է հեքիաթներ պատմել։ Նա լսեց նրա «կվի-վիտ, կվի-վիտ»-ը, եւ նրանից էլ մենք իմացանք ողջ այս պատմությունը։

«Մատնաչափիկը», Հանս Քրիստիան Անդերսեն

 

Մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործություններին ինձ հեռավոր մանկության տարիներին ծանոթացրել է տատիկս։ Այն ժամանակ ես դեռեւս կարդալ չգիտեի եւ գիրքը վառ կազմով էի ճանաչում՝ գեղեցիկ կարմիր եւ սեւ տառերը՝ նարնջագույն ֆոնին, հին քաղաքի ուրվագծերը։ Ու թեեւ համարյա անգիր գիտեի հեքիաթները, գտնում էի պահարանում վառ կազմով գիրքը եւ տանում տատիկի մոտ՝ խնդրելով կարդալ։ Այդպես իմ կյանքում հայտնվեցին խիզախ զինվորը, հիմար կախարդը, Օլե Լուկոյեն, խոզարածը, անագե զինվորիկը, փոքրիկ Իդան, տխուր անճոռնի բադիկը, դժբախտ սուրբծննդյան տոնածառը, Ձյունե թագուհին, Կայն ու Գերդան, հովվուհին ու ծխնելույզ մաքրողը, փողոցում մրսող լուցկիներով աղջիկը, Մատնաչափիկը, հիմար մերկ թագավորը, նուրբ արքայադուստրը սիսեռահատիկի վրա եւ շատ-շատ այլ հերոսներ։ Այն ժամանակներից նարնջագույն կազմով գիրքը իմ սեղանի անփոփոխ գիրքն է եւ իմ ընկերը։

Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ․ ապրիլի 2-ին՝ կոշկակար Հանս Անդերսենի եւ նրա կնոջ՝ Աննա Մարի Անդերսդատերի ընտանիքում, դանիական փոքր Օդենսե քաղաքում։ «Եթե լավ մտածենք, թե ինչի էր նման Օդենսեն, ապա կարելի է ասել, որ այն ամենաշատը հիշեցնում էր խաղալիք-քաղաք՝ կտրված սեւացած կաղնուց»,- գրել է Կոնստանտին Պաուստովսկին։ Անդերսենի պապը նույնպես ծառ էր հատում եւ հաճախ էր փոքրիկ թոռանը զվարճացնում իր ձեռքով կտրած հետաքրքիր խաղալիքներով։ Ընտանիքը ծայրահեղ աղքատ էր ապրում, եւ միակ հպարտությունը տան անսովոր մաքրությունն էր։ Փոքրիկ Հանս Քրիստիանի հեքիաթների առաջին ունկնդիրը Կառլ կատուն էր։ Դիտողականություն, ուշադրություն բնության, կենդանիների, մարդկանց հանդեպ, շրջապատող աշխարհի հանդեպ բարեհամբույր վերաբերմունք եւ միաժամանակ տխրության ելեւէջներ են մեծ հեքիաթասացի ստեղծագործություններում։

Ծնողները միակ որդու համար նախատեսել էին դերձակի մասնագիտությունը։ Սակայն ձեւելու փոխարեն Հանս Քրիստիանը կսովորի թղթից փոքրիկ պարուհիներ կտրատել։

Երբ լրացավ Անդերսենի 14 տարին, մահացավ նրա հայրը։ Շուտով երիտասարդ Անդերսենը մեկնեց Կոպենհագեն։ Անդերսենն իրեն պոետ էր համարում, երգիծաբան, դրամատուրգ, սակայն ոչ հեքիաթագիր։ «Անդերսենն իր կյանքը հրաշալի էր համարում, սակայն, իհարկե, իր մանկական կենսուրախության սահմաններում։ Այդ անհիշաչարությունը կյանքի հանդեպ սովորաբար ներքին հարստության իսկական ցուցանիշ է»,- նշում է Պաուստովսկին։ «Անդերսենն ուզում էր այդպես մտածել եւ այդպես ապրել, սակայն իրականությունը նրա հանդեպ բարեհամբույր չէր։ Շատ, բավական շատ վիշտ ու վիրավորանք կար, մանավանդ Կոպենհագենում առաջին տարիներին, աղքատության եւ ճանաչված պոետների, գրողների ու երժիշտների կողմից անփույթ հովանավորության տարիներին․․․ Նա կարգին չգիտեր իր ուժը, քանի դեռ պոետ Ինգեմանը նրան կատակով չէր ասել․ «Դուք ունեք ցանկացած կոյուղաջրում մարգարիտ գտնելու թանկարժեք ունակություն»։ Իր գրքերի առաջին իսկ հոնարարով Անդերսենը մեկնեց Եվրոպայում ճանապարհորդության, եւ այդ ժամանակվանից նա ճանապարհորդության ծարավի տիրապետության տակ էր՝ Հռոմ, Փարիզ, Աթենք, Կոնստանդնուպոլիս, Լոնդոն, Ամստերդամ, Փոքր Ասիա, Աֆրիկա։ Փարիզում Անդերսենը ծանոթանում է Վիկտոր Հյուգոյի, Բալզակի, Հայնեի, Ալեքսանդր Դյումայի հետ, Լոնդոնում՝ Չարլզ Դիկկենսի հետ։ Անդերսենը մահացել է 1875թ, օգոստոսի 4-ին, Կոպենհագենում։

Լակոնիկությունը, հումորը, պատմելու թեթեւությունը գրավում են երեխաներին։ Սակայն Անդերսենի յուրաքանչյուր հեքիաթում թաքնված է երկրորդ իմաստը, որը միայն մեծահասակներին է հասկանալի։

1913թ․ Կոպենհագենի նավահանգստում տեղադրվեց Ջրահարսի արձանը։ Ու թեեւ դա Անդերսենի ժառանգության ճանաչումը չէր, այլ գարեջրի Carlsber գործարանի հիմնադրի որդու հիացմունքը «Ջրահարս» ներկայացման մասնակից, բալետի պարուհի Էլեն Փրայսի հանդեպ, արդեն հարյուր տարուց ավել արձանը հայացքով հրաժեշտ է տալիս ալիքներին եւ հանդիսանում է Կոպենհագենի ու Դանիայի անփոփոխ խորհրդանիշը, որ աշխարհին նվիրել է Հանս Քրիստիան Անդերսենի տաղանդը։ Տունը, որտեղ ծնվել եւ մեծացել է Անդերսենը, այժմ թանգարան է։

Լուսանկարները ներկայացրել է Մոնիկա Սիմոնյանը