Մենք Սիրիա ուղարկել ենք զինվորականներ, որքան էլ ասեն հումանիտար առաքելություն է։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Այդ մարդիկ Մշակույթի կամ Առողջապահության նախարարության աշխատակիցներ չեն, զինվորական բժիշկներ են, ականազերծողներ են, ով էլ որ լինեն, զինվորականներ են։ Եվ սա արվել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ նրա դրոշի ներքո»,–նշեց քաղաքագետը։

Նրա համոզված է՝ Սիրիայում ունենք ռազմական կոնտինգենտ, եւ դա լրջագույն գործոն է. «Սա թվաքանակով գուցե փոքր է, բայց լրջագույն բարոյական աջակցություն է Ռուսաստանին։ Ի՞նչ ենք մենք ստանում Ռուսաստանից»։

Նա, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանին մեղադրել պետք չէ, խնդիրները պետք է փնտրել Երեւանում, քանի որ հիմա Երեւանի պատասխանատվությունը ավելի մեծ է. «Նախկինում Երեւանում ինքնաստրկացման պրոցես էր գնացել, իրենք իրենց ստրկացրել էին՝ լեգիտիմությունը չունենալով, հիմա կա լեգիտիմությունը, սակայն դաշնակցային պահվածքի դիմաց Երեւանը ոչինչ չի ստանում Մոսկվայից։ Սա լուրջ լուրջ ձախողում է»։