«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը սեպտեմբերի 23-ին խմբակցության անունից պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին` նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով քննարկում կազմակերպելու խնդրանքով:
Նամակում, մասնավորապես, նշված է, որ թեեւ Սահմանադրությամբ Ազգային ժողովը զրկված է մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունից, սակայն Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` «պատգամավորը իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը»:
«Ելնելով պատգամավորներին վերապահված վերոնշյալ իրավունքից` „Ժառանգություն“ խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ` խնդրելով ՍԴ-ի բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել „Ժառանգություն“ խմբակցության բոլոր պատգամավորներին», — գրել է Ստեփան Սաֆարյանը:




























