Գերմանիան մինչեւ մարտի վերջ կերկարացնի շաբաթ օրն սպառվող սպառազինությունների էմբարգոն Սաուդյան Արաբիայի համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որոշել ենք երկարացնել էմբարգոն մինչեւ մարտի վերջ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է այդ թվում եւ Եմենի իրավիճակի հաշվառմամբ։ Արգելքը, ինչպես եւ նախկինում, տարածվում է ոչ միան նոր, այլեւ արդեն կնքված պայմանագրերի վրա։

Գերմանիան որոշել է դադարեցնել սպառազինության արտահանումը Սաուդյան Արաբիա սպանված լրագրող Ջամալ Հաշաքջիի գործի պատճառով։ Թղթակիցը, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության մասին քննադատական հոդվածներով, անհետացել էր հոկտեմբերի 2-ին Ստամբուլում իր երկրի գլխավոր հյուպատոսություն այցելությունից հետո։ Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները տեղեկացրին, որ լրագրողը սպանվել է դիվանագիտական առաքելության շենքում, բախման արդյունքում։

Ինչպես գրել է «Shpiegel» ամսագիրը, կառավարող կոալիցիայի շարքերում, որը բաղկացած է պահպանողականներից եւ սոցիալ-դեմոկրատներից, հետագա գործողությունների միասնություն չկա։ Ոմանք անընդունելի են համարում Էր Ռիադին զենքի մատակարարումները, մյուսները խնդրում են հաշվի առնել ԵՄ գծով Գերմանիայի գործընկերների շահերը, որոնք գերմանական էմբարգոյի պայմաններում չեն կարող կատարել Սաուդյան Արաբիայի հետ իրենց պայմանագրային պարտավորությունները։