Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 23-ին շարունակվել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի դատավարությունը։

Վերջինս ձերբակալվել է հունիսի 5-ին՝ իբր ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Նախորդ նիստին վկայություն տված ոստիկանները հայտարարել էին, թե իրենք դեպքի օրը փորձել են ծանուցագիր հանձնել Հակոբյանին, բայց նա հարբած վիճակում հայհոյել եւ դիմադրել է իրենց: Այսօր ցուցմունք տված ոստիկաններից մեկը՝ Կենտրոնի բաժնի տեղամասային տեսուչ Սամվել Հարությունյանը դատարանում հայտարարել է, թե երբ այցելել է Հակոբյանի բնակարան, դրսից հայհոյանքների ձայներ է լսել, բայց Հակոբյանին հայհոյելիս եւ ոստիկաններին դիմադրելիս չի տեսել:

Դատական նիստում հարցաքննվել է նաեւ Արշալույս Հակոբյանը, որը հրաժարվել է ցուցմունք տալուց, միայն պատասխանել է մեղադրողի եւ դատավորի հարցերին: Հակոբյանը, մասնավորապես հայտարարել է, որ դեպքի նախորդ օրը երեխա է ունեցել եւ փոքր-ինչ գինովցած է եղել, իսկ երբ տեսողության խնդիրների պատճառով սխալ տեղ է ստորագրել ծանուցագրի վրա, ոստիկաններն իրեն հայհոյել եւ դաժան ծեծի են ենթարկել: Դիտորդին ծեծի են ենթարկել նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժնում, ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

Հարցաքննությունից հետո դատարանն անցել է գործում եղած ապացույցների հետազոտմանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 15-ին: