Հունիսի 14-ին Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստը, որի հիմնական արդյունքը օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումն էր։ Փաստաթուղթը ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ բոլոր երկրները՝ բացառությամբ Բելառուսի եւ Ուզբեկստանի։ Պաշտոնական Մինսկը, ավելի հեռուն գնալով, հայտարարեց, թե Մոսկվայում ստորագրված այդ փաստաթուղթը իրավական ուժ չունի։ Ինչ վերաբերվում է Ուզբեկստանին, այս երկիրն ի սկզբանե հինգերորդ անիվի դեր է ստանձնել անվտանգության խորհրդում։ Հատկանշական է, որ Ուզբեկստանը արդեն քանիցս տեղափոխվում է ՀԱՊԿ-ից ԳՈՒԱՄ եւ հակառակը, չի ստորագրել հավաքական անվտանգության պայմանագրի հիմնարար փաստաթղթերը եւ, ի վերջո, չմասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների երեւանյան վերջին նիստին։

Ժամանակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման անհրաժեշտությունը եւ օգտակարությունը կասկածի տակ դնող հարցին, ասել էր. «Եթե մեզ հաջողվի մի քանի ամսվա ընթացքում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծել, այն կամրապնդի կազմակերպության անդամ բոլոր երկրների անվտանգությունը»։ Սրանով իսկ ՀՀ նախագահը հասկացրել է , որ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդումը անհետաձգելի հարց է։ Նա նշել է, թե Բելառուսի բողոքի քայլն ընդդեմ Ռուսաստանի, ինչպես նաեւ վեռջինիս պատժամիջոցները բելոռուսական կաթնամթերքի ներմուծման դեմ հավասարապես վատ ազդեցություն են գործում թե Հայաստանի, եւ թե կազմակերպության անդամ որեւէ այլ պետության, ասենք՝ Կիրգիզստանի վրա։

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն կառավարման եւ գործունեության համակարգի կարգավորման խիստ կարիք է զգում։ Ռուսաստանի տնտեսական առաջնահերթությունները կամ Ուզբեկստանի նաֆթային ախորժակը չպետք է ազդեն ՀԱՊԿ-ի առջեւ դրված խնդիրների իրագործման օրակարգի վրա։ Հակառակ պարագայում Հայաստանի մասնակցությունը հիշյալ դաշինքին անիմաստ կդառնա, եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման հարցը կդառնա արդիական։