Քրդական զինյալները փորձել են պատասխանել թուրքական զինված ուժերի իրենց դեմ սկսած ռազմական գործողություններին։

Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) քուրդ զինյալները սեպտեմբերի 22-ի գիշերը փորձել են հարձակվել Թուրքիայի Հաքքարիի նահանգի Դուրանքայա ավանում տեղակայված թուրքական զինված ուժերի ժանդարմերիայի զորամիավորման վրա։ Ժանդարմերիայի հերթապահ զինվորականները ջերմային տեսախցիկներով նկատել են մոտեցող քուրդ զինյալներին եւ անցել համապատասխան գործողությունների։ Ութ քուրդ զինյալները, հասկանալով, որ իրենց նկատել են, կրակահերթ են բացել թուրքական զինված ուժերի զորամիավորման ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ մեկ քուրդ զինյալ վիրավորվել է, որին քուրդ ընկերները տարել են իրենց հետ եւ փախել Քաթո լեռան կողմը։ Բախման լուրը լսելուն պես՝ տագնապի ազդանշանով ոտքի է հանվել Հաքքարիի թուրքական զինված ուժերի բրիգադը, եւ բախման շրջան են նետվել հատուկ նշանակության զորաջոկատներ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ից թուրքական զինված ուժերը շարունակական ռազմական գործողություններ են սկսել Հաքքարիի եւ Շիիրթի նահանգներում՝ քրդական PKK-ի դեմ։