Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Եվրամիության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում քաղաքական համագործակցության հեռանկարները:

Գուննար Վիգանդը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ կարեւորել ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում: Կողմերն ընդգծել են Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնների բացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:

Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվել է Եվրամիության անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Գուննար Վիգանդը Եվրամիության օժանդակությունն է հայտնել այս խնդրի լուծմանը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորությամբ, որը ձեռնամուխ կլինի անհրաժեշտ համաձայնագրերի մշակմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրին:

Անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման համատեքստում: