Ուրբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է կատարել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի դատավարության արդյունքների մասին, որոնք փաստում են, որ Մանաֆորտի կապը «ռուսական հետաքննության» հետ չի հաստատվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ե′ւ Մանաֆորտի գործով դատավորը, ե′ւ նրա փաստաբանն ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել են, որ Ռուսաստանի հետ որեւէ դավադրություն չի եղել»,-գրել է Թրամփը:
Ավելի վաղ Վիրջինիայում դատավարության ընթացքում երդվյալ ատենակալները մեղավոր էին ճանաչել Մանաֆորտին հարկային հայտարարագրերում սուտ տեղեկություններ հաղորդելու, բանկային մեքենայությունների եւ օտարերկրյա բանկային հաշիվները թաքցնելու մեջ: Թի Էս Էլլիս դատավորը հայտարարել է, որ Մանաֆորտի դատավճիռը որեւէ առնչություն չունի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետաքննության» հետ: Նա ենթարկել է Մանաֆորտին 3 տարի եւ 11 ամիս ազատազրկման ֆինանսական խախտումների համար:
Մանաֆորտի փաստաբան Քեւին Դաունինգը եւս հայտարարել է, որ Փոլ Մանաֆորտի դատավարությունը կապ չունի «Ռուսաստանի հետ դավադրության» գործի հետ:
Մանաֆորտի դեմ մեղադրանքներն առաջադրվել էին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, որը հետաքննում է Թրամփի ենթադրյալ կապը Ռուսաստանի հետ: Կրեմլն ու Սպիտակ տունը հերքում են այդ կապերի մասին լուրերը:





























