Ամերիկյան վարչակազմը դեռ որոշում չի կայացրել միակողմանի պատժամիջոցներ կիրառելու մասին այն պետությունների նկատմամբ, որոնք սատարում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն չի բացառում ապագայում այդ մեխանիզմի գործադրման հավանականությունը: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրորդային պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը միշտ առկա է: Եւ ես չէի ցանկանա եզրակացություններ անել, թե արդյոք մենք այդպես կվարվենք, ինչը մեզ կստիպի այդպիսի լրացուցիչ որոշում կայացնել»,-ասել է դիվանագետը: Նա մեկնաբանել է հարցը, թե Վենեսուելայի հետ կապված իրավիճակում ԱՄՆ-ը դիտարկում է արդյոք պատժամիջոցների կիրառման տարբերակը, մասնավորապես, Ռուսաստանի, Կուբայի եւ Հնդկաստանի նկատմամբ:

Բացի այդ, Ադամսը հավաստիացրել է, որ վերջին ամիսներին Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները հետագայում կարող են չեղարկվել:

« Պատժամիջոցները կիրառելիս մենք ասում էինք, որ դա ժամանակավոր է: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից բոլոր ծանուցումները [պատժամիջոցների գործադրման մասին] վկայում էին, որ դրանք կարող են չեղարկվել: Նպատակն է ստիպել մարդկանց փոխել իրենց վարքագիծը: Այդ պատճառով կիրառելով պատժամիջոցներ եւ չեղարկելով [Ամերիկա մուտք գործելու] վիզաները [վենեսուելացիների մի շարք կատեգորիաների շրջանում]՝ մենք պարզորեն հասկացնում ենք, որ այդ քայլերը հետադարձելի են, եթե փոխվեն վարքագծի սխեմաները»,-նշել է Աբրամսը: