Հաշվի առնելով այն, թե որքան ակտիվ է տարածաշրջանում աշխատում Ռուսաստանը, չարժե անգամ ենթադրել, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին լուրերը մոտ են իրականությանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սեպտեմբերի 23-ին այսպիսի միտք է հայտնել «Հասարակական նախագծերի կենտրոն» ՀԿ նախագահ Գիա Խուխաշվիլին՝ մեկնաբանելով նախօրեին վրացական «Ռեզոնանս» թերթում ՝ երկրի տարածքում մինչեւ 2015թ. երկու ցամաքային եւ մեկ ծովային ռազմակայաններ տեղակայելու Պենտագոնի մտադրության մասին տեղեկատվությունը։

Տեղեկատվությունը, Խուխաշվիլիի խոսքերով, ընդամենը թեմա է հանդիսանում սպեկուլյացիաների համար. «Ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը յուրատեսակ PR-կամպանիայի համար է օգտագործում նշված թեման»։ Նա, այդուհանդերձ, չի բացառել նման հնարավորությունը, նշելով, որ եթե անգամ ամերիկյան կողմը այդպիսի ծրագիր է մշակում, ապա ոչ մոտ ապագայի համար։

Փորձագետի խոսքերով, դեպքերի այսպիսի զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հրաժարվի իր նախապաշարմունքներից եւ թուլացնի իր ազդեցությունը , ինչը, Խուխաշվիլիի կարծիքով, քիչ հավանական է։

Վրացի քաղաքագետ Գիա Նոդիի կարծիքով, նմանօրինակ հրապարակումների հուսալիությանը չարժե հավատալ. «Այս առիթով պաշտոնական հայտարարություններ չեն եղել ո՛չ վրացական, ո՛չ ամերիկյան կողմից»,- նշել է նա՝ ավելացնելով, որ տեղեկատվությունը կարող է կասկածելի լինել՝ ամերիկյան կողմի վերջին հայտարարությունների ֆոնի վրա։

Հիշեցնենք, ինչպես հայտնում էր վրացական թերթը, նշյալ նախագծի օգտին լոբբինգ է անում հանրապետական կոնգրեսմենների մի խումբ եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին։ Վրացական կողմի հետ համաձայնության գալու դեպքում ռազմակայանները կսկսեն կառուցվել 2014-ին, իսկ 2015-ին դրանց կառուցումը կավարտվի։ Պենտագոնն այսպիսով նախատեսում է երկրի տարածքում 25 հազարանոց զինուժ տեղակայել։