Պենտագոնը քննարկում է Լեհաստանում նոր ռազմական բազայի ստեղծման հնարավորությունը, որը կկոչվի «Թրամփի ֆորտ», ԱՄՆ զրահատանկային դիվիզիայի տեղակայման համար, Reuters-ում գրել է միջազգային հարցերով, գլոբալիզացիայի եւ հակամարտությունների փորձագետ Պիտեր Էփսը:
Փաստարկը պարզ է: Լեհաստանի աջ կառավարությունը, հուսահատորեն փորձելով ստանալ ԱՄՆ աջակցությունը, առաջարկել է վճարել 2 մլրդ դոլար, հնարավոր է՝ ավելի շատ, ԱՄՆ զորքերի ներկայության համար: Սա նախադեպ է, որը մտահոգում է Ամերիկայի մեծ թվով դաշնակիցներին, մասնավորապես՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը ցանկանում էր, որ ամերիկյան զորքերի մեծ ներկայացվածությամբ մի քանի երկրներ, ներառյալ Ճապոնիան եւ Գերմանիան, վճարեն ոչ միայն այնտեղ ներկա ամերիկյան զորքերի ծախսերի ամբողջական արժեքը, այլեւ այն 50 տոկոսով մեծացնեն: Այս առաջարկը Վաշինգտոնում եւ նրա սահմաններից դուրս հարուցել էր արտաքին քաղաքականության կողմնակիցներից շատերի վրդովմունքը: Բայց սա նաեւ վկայում է այն մասին, որ 2020 թվականի ընտրությունների նախաշեմին Թրամփը մտադիր է սաստկացնել հռետորաբանությունն այն մասին, որ Ամերիկայի դաշնակիցները իրենց պաշտպանության համար պետք է ավելի շատ վճարեն կամ Վաշինգտոնի աջակցությունից զրկվեն:
Սրա եւս մեկ ակնհայտ նշանն այն է, որ այս շաբաթ ներկայացված Պենտագոնի բյուջեն, ընդհանուր առմամբ մեծացնելով ԱՄՆ ռազմական ծախսերը, ցուցադրաբար մեկ տասներորդ մասով կրճատել է Եվրոպայում ԱՄՆ ռազմական գործունեության ֆինանսական հատկացումները:
Պենտագոնը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զորքեր ուղարկել Արեւելյան Եվրոպա: Բայց դա կհանգեցնի նոր ենթակառուցվածքների կառուցման եւ կրթական ծրագրերի կրճատման, եթե կառավարությունները չվճարեն, ինչպես Լեհաստանը:
Սա զգալի եւ շատ ավելի իզոլյացիոնիստական անցում է այն դիրքորոշումից, որը 1945 թվականից ի վեր զբաղեցրել են ԱՄՆ փոփոխվող վարչակազմերը, որոնցից գրեթե բոլորը արտասահմանում ամերիկյան զորքերի ներկայությունը դիտարկել են որպես ներդրում, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն եւ Ամերիկային շատ ավելի մեծ հնարավորություններ կտա ազդելու իրադարձությունների վրա: Այս քայլը ծայրահեղ դեպքում կարող է ընդունվել այն ոգով, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը հնարավոր է, քանի դեռ փող կա:
Դրանից բացի, սա կարող է լինել ԱՄՆ քաղաքականության մշակման շատ ավելի ընդարձակ միտում:
Հիասթափությունն աճում է նույնիսկ ՆԱՏՕ-ին հավատարիմ մյուս դաշնակիցներին շարքում եւս: Հինգշաբթի հրապարակված տվյալները ցույց են տվել, որ 2018 թվականին երկրների մեծ մասում ՆԱՏՕ-ի պաշտապանական ծախսերը աճել են, ընդ որում՝ աճն առանձնապես կտրուկ է եղել Բալթյան եւ Ռուսաստանին մերձավոր մյուս արեւելյան ու հյուսիսային երկրներում: Մասնավորապես՝ Գերմանիայում ծախսերը շարունակում են հետ մնալ: Եբվրոպական միայն 6 երկրներ են հասել ՆԱՏՕ-ի նպատակին՝ պաշտպանական ծախսերը մեծացնել ՀՆԱ 2 տոկոսով:
Առայժմ հայտնի չէ՝ կյանքի կկոչվի լեհական «Թրամփի ֆորտը»: Լեհ պաշտոնատար անձինք այս շաբաթ «Թրամփի ֆորտի» մասին առաջարկը պետք է քննարկեն ԱՄՆ-ից իրենց գործընկերների հետ: Եվ ԱՄՆ դաշնակիցներն ուշադիր կհետեւեն արդյունքներին:
Իրենց ավանդը բերելու դաշնակիցների ձգտումը կարող է հանգեցնել բազմաթիվ մանրակրկիտ համաձայնեցված պայմանավորվածությունների խճողման, այդ թվում՝ այն պայմանավորվածությունների, որոնք վճռական նշանակություն ունեն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների համար:
ԱՄՆ շատ դաշնակիցներ արդեն զգալի ավանդ ներդնում են։ Ըստ որոշ գնահատականների՝ Ճապոնիան, որի ռազմակայանները կենտրոնականն են ԱՄՆ գրեթե բոլոր ռազմական գործողություններում Խաղաղօվկիանոսյան եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանում, արդեն ծածկում է ԱՄՆ 5,5 մլրդ դոլարի ամենամյա ծախսերի 75 տոկոսը։ Սակայն եւս 50 տոկոսի վճարումը, ինչպես ցանկանում է Թրամփը, ծախսերը կավելացնի ավելի քան երկու անգամ։ ԱՄՆ ռազմական ներկայության հակասական ընկալման հաշվառմամբ՝ պակաս հավանական է, թե Ճապոնիայի կառավարությունը կգնա դրան։
Այնուամենայնիվ, ըստ երեւույթին, Թրամփը շատ ավելի լայն մեսիջ է առաքում. եթե մինչ այդ ԱՄՆ-ն ակտիվորեն նախընտրում էր մասնակցել իր բարեկամների ու գործընկերների պաշտպանական միջոցառումներին, ապա հիմա կգերադասեր դա ինքն անել։ Եվրոպայում ղեկավարները, ասենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում իրենց պաշտպանական մեխանիզմների ինտեգրմանը 2016 թվականի ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։
Հավանական է, որ նրանք իրավացի են։ Մինչեւ դեկտեմբերին իր հրաժարականը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ակտիվորեն ճամփորդում էր աշխարհով՝ հավաստիացնելով դաշնակիցներին Վաշինգտոնի անփոփոխ հանձնառության մասին։ Բայց այդ օրերն, ինչպես երեւում է, անցել են։ Ե՛վ Մոսկվան, ե՛ւ Պեկինը նախկինի պես ավելի մեծ «ագրեսիա» են ցուցաբերում, եւ որքան քիչ են նրանք մտահոգվում ԱՄՆ հնարավոր պատասխանով, այնքան ավելի վճռական եւ պոտենցիալ վտանգավոր է այն, հավանաբար, լինելու։
Անկախ այն բանից, թե կկառուցվի արդյոք ամերիկյան ռազմակայան Լեհաստանում, «Թրամփի ֆորտի» իսկական ժառանգությունը, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի մեկուսացման տրամադրությունները կարող են նշանակել այն, որ Ամերիկայի դաշնակիցները սկսում են վերանայել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Բայց դա չի կարող աշխարհն ավելի անվտանգ դարձնել։





























