NEWS.am-ը զրուցել է ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի հետ, ով Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Նրա թեկնածությունը պաշտպանելու օգտին հանդես է եկել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը: Բաղդատը հաստատեց, որ ինքն առաջադրվելու է Ստամբուլի երկրորդ ընտրատարածքից եւ լիահույս է ընտրություններում հաղթանակ տանելու հարցում:

Հայազգի լրագրողի  թեկնածությունը պաշտպանելու համար «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահը կուսակցության խորհրդի նիստ է հրավիրել,  որտեղ դրական եզրահանգման  են եկել:  Կուսակցության խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ առաջիկա ընտրություններում անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն հայ, այլ նաեւ Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների թեկնածությունները։

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ է առաջ քաշելու պատգամավոր դառնալուց հետո, հայազգի պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Չպետք է մոռանալ, որ ես սոցիալիստական ուղղության գործիչ եմ եւ իմ այդ հայացքները փոխադրելու եմ խորհրդարան»: Նա նշեց նաեւ, որ իր համար կարեւորագույն խնդիրներից է «Հայկական հարցը» թուրքական խորհրդարանում բարձրացնելը:  Ինչ վերաբերում է ԼՂ հարցի արծարածմանը թուրքական օրենսդիր մարմնում, ապա Բաղդատը  նշեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա ԼՂ հարցը չանդրադառնա: 

 Նշենք, որ  Hurriyet Daily News-ը հայտնել էր, թե 2011-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 7 հայ թեկնածու, որոնցից 6-ը կներկայացնեն քաղաքական կուսակցություններ, իսկ 1-ը կլինի անկախ թեկնածու։ Իշխող կուսակցությունը`«Արդարաություն եւ զարգացում»-ը մտադիր է առաջադրել Մելքոն Քարաքյոշեի, Թաթոս Բեբեքի, Մարկար Եսայանի, Ջերրի Խրիմյանի եւ Պետրոս Շիրինօղլուի թեկնածությունները։ Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» («Գորշ գայլերի» քաղաքական թեւը) կուսակցությունը նախատեսում  է առաջադրել Գեղամ Կարապետյանի թեկնածությունը։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելու է հայազգի Արեւ Ջեբեջին: Նա նշել է, որ  պատգամավոր դառնալու դեպքում ներկայացնելու է Թուրքիայի շահերը, սակայն առաջին տեղում է լինելու տեղի հայ համայնքի խնդիրները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011 թվականի հունիսի 11-ին: 

 

Պատրաստեց Հեղինե Մանուկյանը