ԱՄՆ-ը համամիտ չէ Թուրքիայի այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կարող է վավերացնել, եթե առաջընթաց լինի ղարաբաղյան բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օրերս կայացած միջազգային անվտանգության վերաբերյալ Globsec (Global Security) 2011 գիտաժողովին:
Այդ գիտաժողովին մասնակցում են հայտնի վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ազդեցիկ դիվանագետներ Եվրոպայից եւ ԱՄՆ-ից:
«ԱՄՆ աջակցել է հարաբերությունների կարգավորմանը հենց սկզբից եւ ԱՄՆ Պետքարտուղարը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները վերջապես կարգավորվեն: Սակայն կարգավորման գործընթացը կանգ է առել: Թուրքիան ասում է, որ ինքը կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ խնդրում, սակայն ԱՄՆ-ը չի գտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ: ԱՄՆ այս տեսակետին է եղել ի սկզբանե եւ այս դիրքորոշումը պահպանվում է: ԱՄՆ գտնում է, որ կողմերը պետք է առաջ ընթանան, վավերացնեն արձանագրությունները»,- ասել է Գորդոնը:




























