Ճապոնիայի նոր վարչապետ Յուկիո Հաթոյաման ցանկանում է լուծել Ռուսաստանի հետ Կուրիլյան կղզիների վեճը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է վիճելի հարցը չթողնել գալիք սերունդներին։

Հանդիպելով Նյու Յորքում՝ երկու երկրների ղեկավարները ցանկություն հայտնեցին շարունակել երկխոսությունը։ Հաթոյաման եւ Մեդվեդեւը քննարկել են նաեւ միջազգային ասպարեզում գործակցության, «Մեծ քսանյակի» Փիթսբուրգում կայանալիք հանդիպման, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջուկային ծրագրերին առնչվող հարցեր։ «Ընդհանուր առմամբ ռուս-ճապոնական հարաբերությունները դրականորեն են զարգանում, սակայն այդ զարգացումը կարեկի է աշխուժացնել», ասել է ՌԴ նախագահի օգնական Սեգեյ Պրիխոդկոն։

Ռուսաստանի եւ Ճապոնիայի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել նոյեմբերին, Ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։

Նշենք, որ այս տարվա հուլիսի սկզբին Ճապոնիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որով վիճահարույց կղզիները համարվում են Ճապոնիայի «անքակտելի տարածք»։ Իսկ պաշտոնական Մոսկվան էլ, իր հերթին, պնդում է, թե այդ կղզիները Ռուսաստանինն են, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք տրվել են Խորհրդային Միությանը, իսկ վերջինիս իրավահաջորդը Ռուսաստանն է։