Գարի Կասպարովը շարունակում է մնալ Անատոլի Կարպովի հետ հանդիպման առաջատարը։ Իսպանական Վալենսիայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովի ու Անատոլի Կարպովի միջեւ արդեն «պատմական» անունը ստացած հանդիպումը: Կարպով-Կասպարով շախմատային հանդիպման երրորդ պարտիայում հաղթանակ է տարել սպիտակներով հանդես եկող Անատոլի Կարպովը։ Հաշիվը 2։1 է հօգուտ Գարի Կասպարովի։ Այնուհետեւ Կասպարովը հաղթել է հանդիպման չորրորդ պարտիայում։ Այսպիսով հաշիվը դարձել է 3։1 հօգուտ Կասպարովի։ Սեպտեմբերի 24-ին մրցակիցներին սպասվում է խաղալ 8 բլից-պարտիաներ։ Խաղերը կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին։ Յուրաքանչյուր բլից-պարտիան կտեւի հինգ րոպե գումարած մեկ վայրկյան յուրաքանչյուր քայլի համար։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մոտավորապես կես տարվա ընթացքում Կասպարովն ու Կարպովը նախատեսում են խաղալ այն բոլոր երկրներում, որտեղ երբեւէ պայքարել են չեմպիոնի տիտղոսի համար։ Այսինքն, բացի Իսպանիայից, Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում։ Ի դեպ, առաջին հանդիպումներից մեկը նախատեսվում էր անցկացնել Լոնդոնում։ Սակայն այնտեղ կազմակերպչական հարցերով բանակցությունները փոքր-ինչ ձգձգվել էին, իսկ իսպանացիները միայն ուրախ էին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը։