Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գրասենյակի խնդրանքով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը սեպտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին և գրասենյակի մի շարք աշխատակիցների:

Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, շնորհավորելով Կոնստանտին Օբոլենսկուն՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պարոն Շահգելդյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ոչ միայն երկու երկրների հետագա մերձեցմանն ու հարաբերությունների ամրապնդմանը, այլև հնարավորություն կընձեռի առավել ինտենսիվ աշխատանքների իրականացմանը: Քննարկելով հումանիտար զարգացման ծրագրին առնչվող մի շարք հիմնախնդիրներ, նշվել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրերն ու ծրագրերը թևակոխում են զարգացման որակապես նոր փուլ: Կարևորագույն ուղղություններից մասնավորապես նշվել են՝ Աղետների բժշկության համակարգի ձևավորմանն ուղղված համագործակցությունը, Ճգնաժամային կառավարման ոլորտում ԻՆՍԱՐԱԳ ծրագրի շրջանակներում կազմակերպված բարձրակարգ մասնագետների վերապատրաստումը և այլն:

Գրասենյակի փոխտնօրեն Էռնեստո Մորոսին, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և արագ արձագանքման ոլորտում, Հարավային Կովկասում համագործակցությունը Հայաստանի հետ գնահատել է առավել արդյունավետ՝ դիտարկելով այն որպես լավագույն փորձ այլ երկրներին փոխանցելու համար: Կարևորվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության փաստը, մասնավորապես Շվեյցարիայի համադաշնության միջնորդավորված դերը այս գործում: Խոսվել է նաև տարածաշրջանային համագործակցության հնարավոր հիմնախնդիրների մասին, ուր մատնանշվեց, որ արտակարգ իրավիճակները սահմաններ և ազգություններ չեն ճանաչում: