Գործարար, «Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը սեպտեմբերի 24-ի առավոտյան խոչընդոտել է NEWS.am լրատվական գործակալության թղթակցի աշխատանքը (ֆոտորեպորտաժ)՝ արգելելով նրան լուսանկարել ընկերության գործարանի տարածքում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության իրականացրած օպերատիվ գործողությունը: Ղարիբյանը նաեւ փորձեց թղթակցի ձեռքից խլել լուսանկարչական ապարատը:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԴԱՀԿԾ-ն առավոտյան մտել էր ընկերության տարածք՝ արգելանք դնելու ընկերության մեքենաների վրա:

Նշենք, որ մոտ երկու տարի առաջ «Շանթ» ընկերության սեփականատերերը՝ եղբայրներ Մանվել եւ Վարշամ Ղարիբյաններն ընդհարվում են իրար հետ եւ կիսում համատեղ բիզնեսը: Պարզվում է, որ այնքան էլ լավ չեն կիսել եւ եղբայրները մինչեւ հիմա դատական վեճերի մեջ են, ավելին, ըստ Մանվել Ղարիբյանի՝ եղբայրն ապօրինաբար օգտագործում է իրեն պատկանող մեքենաները:

ԴԱՀԿ Արաբկիր եւ Դավիթաշեն համայնքների բաժնի պետ Հակոբ Քոսյանը լրագրողներին հայտնեց, որ շուրջ տաս ամիս է՝ դատարանի կողմից ԴԱՀԿ է ուղարկվել 120 մեքենա արգելանքի տակ վերցնելու որոշում: ԴԱՀԿ-ն սեպտեմբերի 15-ին կապարակնքել էր մի քանի մեքենա, սակայն օրեր անց հարկադիր կատարողները փողոցում նկատել են այդ մեքենաներից մի քանիսը՝ ապրանք առաքելիս: «Արգելանք ենք դրել 53 մեքենայի վրա, որոնք, ըստ դատարանի գտնվում են Վարշամ Ղարիբյանի մոտ: Վարշամ Ղարիբյանն էլ հայտարարել է, թե 18 մեքենան իր մոտ են, մյուսներից տեղյակ չէ, սակայն հարկադիր կատարողներից մեկը փողոցում տեսել է այդ մեքենաներից մեկը»,- նշեց ԴԱՀԿ բաժնի պետը:

Ինչեւէ, ԴԱՀԿ եւ նրանց ուղեկցող ոստիկանության աշխատակիցներին «Էլիտ Շանթ» ընկերության գործարանի տարածքում դիմավորեցին մոտ 300 աշխատողներ, որոնք «Հեռացեք» եւ այլ վանկարկումներով ԴԱՀԿ աշխատողներից պահանջում էին լքել գործարանի տարածքը:

«Էլիտ Շանթ» ընկերության տնօրեն Վալերի Սարիկյանն ու երեք փաստաբաններն էլ հայտարարում էին, թե ԴԱՀԿ-ն «ներխուժել է իրենց տարածք առանց փաստաթղթերի»: Ընկերության տնօրենն ընդունեց, որ որոշ դեպքերում «ընկերության վարորդներն ինքնագլուխ քշել են մեքենաները, եւ ընկերությունը դրա համար տուգանվել է»: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ վարորդները առանց տնօրինության գիտության կարող էին կոտրել կնիքները եւ շահագործել մեքենաները:

Հակոբ Քոսյանը, սակայն, համաձայն չէր այն տեսակետին, որ իրենք ապօրինաբար են մտել գործարանի տարածք: Նա նշեց, որ իրենք ունեն դատարանի որոշումը, ընկերության կատարած ապօրինության փաստը եւ եկել են կրկին արգելանքի վերցնելու մեքենաները:

Ի դեպ, գործարանի տարածք մուտք գործել կարողացել էին միայն ԴԱՀԿ աշխատակիցների մի մասը: Ընկերության աշխատակիցները փակել էին գործարանի դուռը եւ թույլ չէին տալիս ոստիկաններին ու հարկադիր կատարողներին մտնել տարածք:

Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կրկին կնիքներ դրեցին նախկինում կապարակնքված, բայց շահագործված մեքենաների վրա:

Ի դեպ, Վարշամ Ղարիբյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն է, եւ գլխավոր դատախազը եղբայրների ընդհարման մեջ ակնհյատորեն բռնել է Վարշամ Ղարիբյանի կողմը՝ անընդհատ նեղելով եւ խնդիրներ հարուցելով Մանվել Ղարիբյանի համար: